ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Մեզ մոտ բացակայում են որակյալ նյութերն ու առաջավոր տեխնոլոգիաները»

«Մեզ մոտ բացակայում են որակյալ  նյութերն ու առաջավոր տեխնոլոգիաները»
10.04.2018 | 10:12

Վերջերս լրացավ ճանաչված քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության երկարամյա քարտուղար ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ 70-ամյակը: «Քանդակագործ Գագիկ Ղազարյանը փայլուն իմպրովիզատոր է, նյութին հիանալի տիրապետող վարպետ, դասական տիպի քանդակագործ, որը սիրում է նաև արխաիկան, չի խորշում նյութը գունավորելուց, ինչպես հին եգիպտական կամ գոթական վարպետները, նա պրիմիտիվը ևս ծառայեցնում է իրեն, եթե վերարտադրում է հին Երևանի բարքերը, հին Իջևանը և Արարատյան դաշտը իրենց տներով, բնակիչներով, նրանց խնջույքներով ու զվարճություններով, տարօրինակ հագուստներով, որտեղ իրար չեն խանգարում հին չուխան և սովետական «տելեգրեյկան»,- ժամանակին գնահատել է արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ-ի թղթակից-անդամ Վիգեն Ղազարյանը:
Ծննդյան տարեդարձը լավ առիթ էր հանդիպելու քանդակագործի հետ:

«ԻՆՁ «ՀՅՈՒՍԻՍԻ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ» ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ»


-Լրացավ Ձեր 70 տարին: Կերպարվեստում անցել եք երկար ճանապարհ, հաղթահարել եք «սարեր» ու «ձորեր»: Ձեր առաջին հայտը կերպարվեստում:
-Կերպարվեստում եմ, որքան ինձ հիշում եմ, սկսած պիոներպալատից, նախ գեղանկարչությամբ էի տարված, հետո անցա քանդակագործության: Գեղանկարչություն և քանդակագործություն զուգահեռ էինք անցնում, ի վերջո հաղթեց քանդակագործը: Գեղանկարչական ունակությունները հետագայում օգտագործել եմ քանդակագործության և արձանագործության ոլորտներում:
-Յուրաքանչյուր հարցազրույցս նկարչի հետ ինձ ինչ-որ տեղ փաստի առաջ է կանգնեցնում, քանզի կամա-ակամա հարցերը կրկնվում են: Բարեբախտաբար, պատասխաններն են շատ տարբեր և անսպասելի: Եվ ահա հերթական բազմաչարչար հարցս. կինը Ձեր արվեստում «պատվավոր հյու՞ր է»:
-Դեռ ժայռապատկերներում կինը պատկերված է որպես մայր, որպես գեղեցկության մարմնացում: Անտիկ շրջանում կնոջ ներկայությունը կերպարվեստում գերակա էր: Կերպարվեստում կինը յուրաքանչյուր ստեղծագործողի կողմից յուրովի է ընկալվում: Կնոջ իդեալը կյանքում անբեկանելի մի բան է: Կարող ես փողոցում հանդիպել անծանոթ մեկին, և նա կդառնա քո կնոջ իդեալ-կերպարի մարմնավորումը մի քանի ժամ անց, արդեն արվեստանոցում աշխատելիս:
-Նկարչի կողմից կնոջ հմայքի անձնական ընկալումն ունի՞ նշանակություն կերպարի ընտրության ժամանակ:
-Իհարկե: Նա պետք է ներշնչի, թելադրի քեզ, նա կարող է լինել հողեղեն, առատ և կենսական իր մարմնաձևերում և դառնալ քո օրվա հերոսուհին:
-Ձեր հողեղեն կանայք միաժամանակ քնարական են՝ և՛ մայր են, և՛ կին են, և՛ կյանքի ուղեկից, թեկուզ և... սիրուհու անվանակարգում: Կինը ներշնչանքի աղբյուր է և՛ հոգևոր, և՛ մարմնական տեսանկյունից:
Տեղյակ եմ, որ Սանկտ Պետերբուրգում մայիս ամսին հանդես եք գալու անհատական ցուցահանդեսով: Հայ կերպարվեստագետի բեմելը նման մշակութային հռչակ ունեցող քաղաքում ի սկզբանե է գնահատելի, այնուամենայնիվ, ինչու՞ Պետերբուրգում:
-Դա ինձ համար հարազատ օջախի նման մի բան է, նախ` բարձրագույն կրթություն Լենինգրադում եմ ստացել` ավարտելով Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան, առաջնեկ զավակս այնտեղ է ապրում, քաղաքն ուղղակի գերում է իր մշակութային առանձնահատկությամբ և կերպարով: Ինձ «Հյուսիսի Վենետիկում» ճանաչում և գնահատում են, քաջատեղյակ են, որ ուսանել եմ հանրահայտ Միխայիլ Անիկուշինի մոտ, որը նշանավոր քանդակագործ էր և ուսուցիչ:

«ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆ ԻՆՔՆ Է ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ»


-Նյութը թելադրու՞մ է ծնվելիք գործի էությունը, թե՞ կերպարն է պահանջում և գտնում իր նյութը:
-Չմոռանանք կոմպոզիցիոն հնարքների մասին, քանի որ մի բան է, երբ մշակում ես փայտը, և միանգամայն այլ է, երբ աշխատում ես քարի կամ մետաղի հետ: Միաժամանակ տուֆը, մարմարը, բազալտը յուրովի մոտեցում են պահանջում: Մասնավորապես, կենսալից կնոջ կերպարը հարիր է տուֆին, նրբագեղ կնոջ արձանիկի համար հիանալի նյութ է բրոնզը: Ասեմ, որ չունեմ առանձին նյութի ընտրություն, օգտագործում եմ այն, ինչն առկա է:
-Քարերի երկիր Հայաստանում որպես քանդակագործ լիարյու՞ն եք ստեղծագործում:
-Կզարմանաք, բայց պետք է խոստովանեմ, որ ոչ: Օրինակ, հայկական մարմարը` որպես արձանագործության նյութ, չի օգտագործվում: Մարմար ներկրվում է հիմնականում ՈՒրալից: Այնուամենայնիվ, բավարարվում եմ եղածով:
-Դե, հավանաբար, մեր քարերը նախախնամության կամոք նախ արարվել են որպես տաճար կառուցելու նյութ:
-Գուցե այդպես է: Քանդակագործի համար առաջնահերթ են վարպետությունը, սերը նյութի և նրանից ծնվող ստեղծագործության նկատմամբ: Եվ արդեն էական չէ՝ կենդանի՞ ես քանդակում, ծա՞ռ, թե՞ մարդ, պատմական հերո՞ս ես կերտում, թե՞ Աստվածաշնչյան կերպար:
-Ձեր ձեռագիրն անշփոթելի է, դա կարևո՞ր է Ձեզ համար, հատու՞կ եք ստեղծել այն, թե՞ դա, պոեզիայի լեզվով ասած, ինքնին տեսիլ է:
-Այն ինքնին է ի հայտ գալիս և ստեղծագործողի ամենակարևոր հատկանիշն է: Բառ է, խոսք է, գունանկարչական աշխատանք է, թե մոնումենտալ մի քանդակ, տվյալ անհատի էներգիան, տարերքը պետք է նրանցում դրսևորվեն:
-Ձեզ մոտ ի՞նչ վիճակ է. գործը նկատի ունեմ՝ հատկապես հաջողված: Կարողանու՞մ եք մեկընդմիշտ ավարտել և հանձնել ժամանակի քննությանը:
-Հաճախ եմ անդրադառնում անգամ շատ հաջողված գործերիս, շտկում եմ ինչ-որ բան, այլ ձևով եմ մոտենում և կատարելագործում եմ այն, քանի որ ժամանակի ընթացքում ինքը՝ ստեղծագործողն է կատարելագործվում: Ինչ խոսք, այսօր ձեռքս այն ուժն ու ամրությունը չունի, սակայն հմտության հաշվին պահպանվում է ներդաշնակությունը: Հին վարպետներից ոմանք 25 տարեկանում են գլուխգործոց ստեղծել և, դիցուք, 75 տարեկանում: Տարբեր հոգեվիճակներում են դրանք կերտվել, ավագ տարիքում համբերությունը տեղի է տալիս, քանի որ շտապում է մարդը, քաջ գիտենալով, որ իր ժամանակը նախկինի նման անսահման չէ, աչքի լույսն է նվազում, բայց չէ՞ որ մնում է հավերժականը՝ ոգին: Միքելանջելոյի ստեղծագործությունները, որոնք հասուն տարիքում են ստեղծվել, կարծես անավարտ են թվում, սակայն գլուխգործոց են:
-Դուք ստեղծագործել եք երկու իրարամերժ հասարակարգերում՝ խորհրդային և անկախական: Քանդակագործի Ձեր հայացքով ի՞նչ էական բան է փոխվել:
-Խորհրդային շրջանում քանդակագործներիս համար հիանալի բազա էր ստեղծված, այժմ այն գրեթե չկա: Այսօր չկան քար տաշող և մետաղ ձուլող վարպետներ, այնինչ ՌԴ-ում նշյալ բազան, այնուամենայնիվ, պահպանվել է: Այսօր հայ քանդակագործն ինքն է տաշում և ձուլում իր մտահղացած արվեստի գործը: Զարմանալի է, բայց այսօր Հայաստանում ավելի վատ են ձուլման գործը կատարում, քան ՈՒրարտուի թագավորության ժամանակ: Այսօր մեզ մոտ բացակայում են որակյալ նյութերն ու առաջավոր տեխնոլոգիաները:
-Մշակույթն ու արվեստը, ի թիվս կերպարվեստի, ըստ իշխանությունների, այսօր գտնվում են բացառիկ վիճակում, քանզի լիակատար ազատ են: Եվ հարցը՝ Դուք խորհրդային տարիներին կաշկանդված էիք, այսօր ազա՞տ եք:
-Ամենևին: Արվեստի մարդը, նաև այս պարագայում ես, միշտ է ազատ: Նախկինում (խորհրդային տարիներին) կար պետպատվերը, նկարիչներն ու քանդակագործները ապահովված էին մշտական աշխատանքով և բավականին բարձր գումարներով: Այն տարիներին ուղղակի արգելված էր խաչ նկարելը, սակայն դա բնավ չէր կաշկանդում արվեստագետին: Այսօր չկա պետպատվեր, անհատներն են պատվեր տալիս, և պետք է բավարարես նրանց ճաշակը կամ հրաժարվես:
-Պարոն Ղազարյան, ապշեցուցիչ հնարագիտությամբ և հետևողականորեն հենց անկախացման հաջորդ լուսաբացից փլուզվեց մշակութային գործուն համակարգը: Արվեստն ու գիտությունը, գրականությունն ու կերպարվեստը դարձան մնացորդային արժեք, հենց այսպես է պետական բյուջեն հատկացումներ կատարում մշակույթի և արվեստի ոլորտներում: Կարեն Աղամյանի հետ տարիներ շարունակ փորձել ենք պետական ատյաններին հասու դարձնել, որ, այնուամենայնիվ, նկարչի արվեստանոցն ու հյուսնի արհեստանոցը տարբեր բաներ են: Ապարդյուն: Այնինչ ԽՍՀՄ 15 հանրապետությունների շարքում ՀԽՍՀ-ի մշակույթն ու արվեստը առաջատար դիրքում էին, երբեմն էլ՝ նախանձի առարկա:
-Ժամանակակից արվեստի թանգարանը Հայաստանում եզակի էր, եզակի էին կերպարվեստի վաճառքով զբաղվող հանրահայտ սրահները, մասնավորապես Թումանյան և Նալբանդյան փողոցներում: Այնինչ, այսօր ժամանակակից արվեստի թանգարաններ և սրահներ կան գրեթե ամենուր: Ի դեպ, Հայաստան այցելող արվեստասեր զբոսաշրջիկը երկու նախընտրություն ունի՝ այցելում է Փարաջանովի թանգարան և «Գաֆեսճյան» կենտրոն: Ազգային պատկերասրահը և տուն-թանգարանները նրան չեն հետաքրքրում:

«ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՊԵՏՔ Է ՏԵՂԱԴՐՎԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԸ»


-Մայրաքաղաքում անընդհատ արձաններ են տեղադրվում, որոնց մի ստվար մասը հենց բացման պահից չի դիմանում ժամանակի քննությանը: Այնուամենայնիվ, ի՞նչ արձանի կարիք կա այսօր:
-Հանրապետության հրապարակում պետք է երկրի գլխավոր արձանը դրվի: Թե չէ հրապարակը ոնց որ շքեղ վերարկու լինի՝ առանց կոճակների:
-Իսկ ու՞մ արձանը կցանկանայիք, որ այնտեղ տեղադրվի, տեղադրվի հենց այնտեղ, որտեղ առաջ հրաշալի կոթող պատվանդանն էր և Լենինի արձանը:
-Ոչ մեկինը, հրապարակում պետք է վեր հառնի ինչ-որ խորհրդանշական բան՝ կապված հանրապետության, հայկական պետականության հետ: Բարդ խնդիր է, ժամանակ է պահանջում և համակարգված մոտեցում:
-Անդրադառնանք Ձեր գալիք ցուցահանդեսին:
-Ի դեպ, Հայաստանից որևէ նկարիչ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի դահլիճներում անհատական ցուցահանդեսով չի ներկայացել: Մայիս-հունիս ամիսներին է ցուցահանդեսը նախատեսված, տևելու է երկու շաբաթ: Ներկայացնելու եմ 40-ից ավելի գրաֆիկական աշխատանք և հավանաբար մեկ տասնյակ քանդակ: Բոլոր ծախսերը հոգում ենք ես և զավակներս:

Զրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ